Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում հրապարակել է պարզաբանումներ նոր կարգի վերաբերյալ, որը ուժի մեջ է մտնում այս տարվա հունիսի 30-ից և վերաբերում է առանց վիզայի ՌԴ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիներին։
Ըստ նոր կանոնների՝ Ռուսաստանի սահմանը հատելուց առաջ օտարերկրացիները պետք է գրանցվեն միասնական նույնականացման համակարգում։ Դա նշանակում է, որ նրանք պարտավոր են մուտքի դիմումը ներկայացնել ruID բջջային հավելվածի միջոցով՝ ոչ ուշ, քան մուտքից 72 ժամ առաջ։ Սուր անհրաժեշտության դեպքում հայտը կարելի է ներկայացնել ոչ ուշ, քան մուտքից 4 ժամ առաջ։
Այս կարգը պարտադիր է բոլոր առանց վիզայի մուտք գործող օտարերկրացիների համար՝ բացառությամբ մի քանի խմբերի։
Գրանցումից ազատված են Բելառուսի քաղաքացիները, դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողները, ինչպես նաև 6 տարեկանից փոքր օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք։