25 հունիսի 2025 - 11:20 AMT
Պապոյան․ Վրացական մաքսատնից դուրս է եկել կոնյակով 49 բեռնատար

Վրաստանի Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել հայկական կոնյակով բեռնված 49 բեռնատար, որոնք շարժվել են դեպի Վերին Լարս։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել կոնյակով բեռնված 49 մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»,-նշել է նախարարը։

Հունիսի 23-ին Վրաստան կատարած այցի ընթացքում Պապոյանը տեղեկացրել էր, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն Գեզի մաքսային տերմինալից նույն օրը բաց թողնել կոնյակով բեռնված 55 բեռնատար, հաջորդ յոթ օրվա ընթացքում՝ ևս 72, իսկ դրան կհետևի լրացուցիչ 24 բեռնատարի բացթողում։

Պապոյանը հայտնել էր նաև , որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ինքը և ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գործուղվել են Թբիլիսի՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների նպատակով։

Հայ կոնյակագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև՝ դժգոհելով վրացական կողմի ստուգումներից, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ խնդիրը լուծում կստանա հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, սակայն նրա այցը Հայաստան չեղարկվեց։