ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման կողմից հեղաշրջման ոչ մի փորձ չի եղել, «դժբախտաբար դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են»։
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակում քաղաքական հետապնդումների մասին թող մտածեն 2021 թվականին այն 680,000 քաղաքացիները, որոնք վերընտրեցին ներկայիս իշխանություններին, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այդ մարդկանց թվում էր, թե իրենք ժողովրդավարության համա՞ր են ընտրություն կատարում, կամ որպես նվաճում ներկայացնում են, թե իբր խոսքի ազատություն կա Հայաստանում։ Այս ամենը պարզապես քաղաքական հետապնդումներ են»,– ասել է Գասպարյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ընդդիմադիր շարժումների մեջ «Սրբազան պայքարը» ամենաազդեցիկն է ոչ միայն նրա համար, որ հոգևորական է ղեկավարում, այլ որ շարժումը չունի որևէ տնտեսական շահ, շարժման ղեկավարությունը երբևէ չի եղել տնտեսական գործարքների մեջ։
«Խոսքը շատ անկեղծ շարժման մասին է, որը առաջացել է Տավուշի մարզում միակողմանի տարածքների զիջման հետևանքով։ Այս ամենը ունի պատճառահետևանքային կապ նրանց դեմ տարվող քաղաքական հետապնդման հետ»,–ասել է Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդականը։
Հունիսի 25–ի առավոտյան խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում, ինչպես նաև ՀՅԴ անդամների տներում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: