Արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը «Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով քննարկման ընթացքում ընդգծել է, որ «ազգային դիմադրողականության պարիսպը խորտակվել է, կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, 150 հազար մեր հայրենակիցներ բռնի տեղահանվել են և հիմա արշավ է գնում հայ գիտակցության միջնաբերդի՝ Առաքելական եկեղեցու դեմ»
Նրա խոսքով՝ դրա համար օգտագործում են բազմազան տեխնոլոգիաներ, իսկ օգտագործվող բառապաշարն էլ անվայելուչ է, հայտնում է Aysor.am-ը։
«Փորձ է արվում եկեղեցին ներկայացնել հակապետական կառույց, ընդ որում, օգտագործվում են բոլշևիկյան քարոզչամեքենայի հայտնի տարրեր՝ խեղաթյուրված հղումներ կատարելով պատմական այս կամ այն իրադարձություններին։ Մոռացության են մատնվում պատմական տասնյակ փաստեր, երբ եկեղեցին պետականության բացակայության պայմաններում ոչ միայն ազգահավաք դեր էր կատարում, այլև նախաձեռնում էր պետականության վերականգնմանն ուղղված շարժումներ»,-ասել է նա։
Ապիտոնյանը նաև ընդգծել է, որ արցախյան ազատագրական պայքարի տարիներին էլ եկեղեցին ստանձնել է համակարգող դեր՝ ուղղորդելով սփյուռքի աջակցությունը դեպի ռազմաճակատ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։