25 հունիսի 2025 - 15:37 AMT
ՔԿ․ Խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր

Քննչական կոմիտեն հայտնել է, որ հունիսի 25–ին մի շարք անձանց բնակարաններում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր:

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է ավելի քան 90 խուզարկություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ:

Քրեական վարույթի հետագա ընթացքի մասին Քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Համացանցում ձերբակալվածների ոչ պաշտոնական ցուցակ է հրապարակվել, հայտնում է Sputnik Արմենիան։

Ըստ ցուցակի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, ձերբակալվել են Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, գործարար Տիգրան Գալստյանը, ակտիվիստ և Արցախյան պատերազմի զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, Բագրատ սրբազանի կողմնակից Մովսեսը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը:

Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` ԱԱԾ–ն ներխուժել է նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանի տուն:

Բացի դրանից, ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Սյունիքի նախկին մարզպետ և նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի, ինչպես նաև նրա կնոջ՝ Para TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանի բնակարանում։ Նրանցից առգրավվել են բջջային հեռախոսները, իսկ Էլիզաբեթ Պետրոսյանը տեղափոխվել է Էրեբունու քննչական բաժին՝ հարցաքննության նպատակով։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: