25 հունիսի 2025 - 15:43 AMT
Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում

ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը՝ հունիսի 26-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից, հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը մահացել է հունիսի 24-ին։ Նա 88 տարեկան էր։

Գուժ Մանուկյանի աչքի ընկնող դերերից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», արժանացել է ՀՀ պետական մրցանակի՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։

Կինոյում նա սկսել է նկարահանվել 1964 թվականից։ Նրա դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։