Հայաստանում 2025 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7 տոկոսով՝ գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի տվյալները։ Այդ մասին նշված է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հերթական ամփոփագրում։
Ըստ դրա՝ մայիս ամսին այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 5.4 տոկոսով, իսկ 2024–ի մայիսի նկատմամբ՝ 10.4 տոկոսով։
Տարվա առաջին հինգ ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1 տրլն 30 մլրդ 846.9 մլն դրամ՝ 14.1 տոկոսով զիջելով 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Միաժամանակ, մայիս ամսվա ընթացքում արձանագրվել է 2.9 տոկոս աճ՝ հասնելով 218 մլրդ 591.1 մլն դրամի։ Սակայն, այդ թիվը 5.9 տոկոսով ցածր է նախորդ տարվա մայիսի համեմատ, գրում է Արմենպրեսը։
Շինարարության ոլորտում այս տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 17.1 տոկոս աճ՝ կազմելով 165 մլրդ 463.3 մլն դրամ։ Մայիս ամսին, ապրիլի համեմատ, շինարարական աշխատանքների ծավալը աճել է 24.8 տոկոսով։ Նախորդ տարվա մայիսի համեմատ աճը կազմել է 22.2 տոկոս, իսկ ամսական ցուցանիշը՝ 48 մլրդ 878.9 մլն դրամ։
Առևտրի շրջանառությունն առաջին հինգ ամիսներին կազմել է 2 տրլն 404 մլրդ 114.9 մլն դրամ՝ 4.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։ Սակայն մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0.9 տոկոս նվազում, չնայած նախորդ տարվա մայիսի նկատմամբ նույնքան աճ է գրանցվել։ Նշված ամսին ցուցանիշը կազմել է 528 մլրդ 862.9 մլն դրամ։
Առևտրից զատ ծառայությունների ոլորտում 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 10.1 տոկոս աճ, իսկ ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 487 մլրդ 699.7 մլն դրամ։ Մայիսին ապրիլի համեմատ ծառայությունների ծավալն ավելացել է 1.8 տոկոսով՝ հասնելով 314 մլրդ 279 մլն դրամի, ինչը 10.8 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից։
Սպառողական գների ինդեքսը տարվա առաջին հինգ ամիսներին 3 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրվել է 0.3 տոկոս աճ, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 4.3 տոկոս։
Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մայիսին 2.1 տոկոսով գերազանցել է 2024 թվականի նույն ժամանակահատվածը։ Մայիսին ապրիլի համեմատ այն աճել է 0.6 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի նկատմամբ՝ 2.2 տոկոսով։
Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025 թվականի առաջին հինգ ամիսներին հասել է 3 մլրդ 709.4 մլն կՎտ․ժամ՝ 0.6 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա համանման ցուցանիշը։ Միաժամանակ, մայիսին ապրիլի համեմատ արտադրվել է 11.4 տոկոսով քիչ՝ 579.8 մլն կՎտ․ժամ, ինչը նախորդ տարվա մայիսի համեմատ պակաս է 8.6 տոկոսով։ Ընդգծվում է, որ նշված տվյալները չեն ներառում ինքնավար արտադրողների կողմից փոխհոսքերի շրջանակում արտադրված էլեկտրաէներգիան։ Համադրելի տվյալներ ապահովելու նպատակով աճի տեմպերի հաշվարկման ժամանակ անցյալ ամիսների համանման ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 894.4, հունվար՝ 879.5, փետրվար՝ 778.7, մարտ՝ 789.2, ապրիլ՝ 667.9, մայիս՝ 634.2) այն նույնպես ներառված չէ։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի և միջին ամսական անվանական աշխատավարձի տվյալներին, ապա այս հրապարակման մեջ համապատասխան թվեր չեն ներկայացվել։