25 հունիսի 2025 - 17:06 AMT
Բերսե. Զգում ենք Հայաստանի` դեպի Եվրոպա շարժվելու շատ ամուր ձգտումը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, խոսելով Հայաստան կատարած իր պաշտոնական այցից հետո ունեցած տպավորությունների մասին, ընդգծել է, որ Ստրասբուրգը զգում է Երևանի կողմից դեպի Եվրոպա շարժվելու ամուր ձգտումը։

Այդ մասին ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում՝ անդրադառնալով հունիսի 11-12-ը Հայաստան կատարած իր այցին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության իրավիճակին և այդ ուղղությամբ իշխանությունների իրականացրած նախաձեռնություններին, գրում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ այցը սկզբում նախատեսվել է մարտին, սակայն իրականացել է հունիս ամսին։ Ալեն Բերսեն նշել է, որ այդ ժամանակահատվածի փոփոխությունը հնարավորություն է տվել առավել սերտորեն հետևել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին, ինչպես նաև դիտարկել ամբողջ Հարավային Կովկասի իրավիճակը։

«Հարավային Կովկասը տարածաշրջան է, որն ամբողջովին ինտեգրված է եվրոպական ընտանիքին։ Դա պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական, այլև զանազան պատմական հանգամանքներով, ինչպես նաև արժեքներով»,-ասել է Ալեն Բերսեն:

Նա կարևորել է այս գործոնները՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են Եվրոպայի խորհրդի հետ հետագա խորացված համագործակցությանը։

«Տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան կատարած այցից հետո իմ սեփական գնահատականն ու տպավորությունն այն է, որ մենք զգում ենք դեպի Եվրոպա Հայաստանի շատ ամուր ձգտումը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ այս համատեքստում Եվրոպայի խորհրդի դերակատարությունն է աշխատել նման ձգտումներ ունեցող երկրների հետ»,-ընդգծել է Ալեն Բերսեն՝ շեշտելով, որ այդ պատճառով էլ Երևանում գոյություն ունի կարևոր գործառույթ իրականացնող ԵԽ գրասենյակ։

Նա հավելել է, որ այցի ընթացքում այցելել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակ, որը, ըստ նրա, կատարում է կարևոր դեր՝ նպաստելով բարեփոխումների առաջմղմանն ու ծրագրերի իրագործմանը։

«Իմ տպավորությունը շատ դրական է։ Ես միամիտ չեմ. հասկանում եմ, որ յուրաքանչյուր երկրում, ԵԽ բոլոր անդամ երկրներում մշտապես հնարավոր է գտնել խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, դա բնական է։ Սակայն կարևոր է նրանց հիմնական ուղղությունը, ինչն, իմ տպավորությամբ, ճիշտ ուղղությամբ է ընթանում»,-ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը։