Փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտարարել է, որ Բագրատ Սրբազանին ներկայացվել է մեղադրանք, որը, իր ձևակերպմամբ, հերթական քաղաքական հետապնդում է։
Հարությունյանը մանրամասնել է, որ Բագրատ սրբազանին մեղադրանք է ներկայացվել՝« ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման նախապատրաստության» հատկանիշներով, հայտնում է «Փաստինֆոն»։
«Հերթական քաղաքական հետապնդումն է, որն ունի էական լուրջ նպատակ՝ պարալիզացնելու ընդդիմությանը, թուլացնելու ընդդիմությանը, ձերբակալելու բոլոր ակտիվ գործիչներին, թե ինչ նպատակով՝ ժամանակը ցույց կտա։ Կարծում եմ՝ նպատակներից մեկը կլինի եկեղեցու վրա ավելի ուժեղ ոտնձգումը։ Այս ամենը համարում ենք քաղաքական հետապնդման դրսևորում»,–ասել է նա։
Սերգեյ Հարությունյանը նշել է նաև, որ Բագրատ սրբազանի տանն իրականացված խուզարկության ընթացքում զենք–զինամթերք չի հայտնաբերվել, գրում է Aysor.am-ը։
«Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներից մեկը տեսա, որտեղ զենքն է երևում, ու կողքին դրա մասին փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ դա որևէ մեկին է պատկանում, ով, օրինակ, ունի այդ զենքի թույլտվությունը»,–նշել է նա։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։
Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: