2 հունիսի 2009 - 20:43 AMT
Մոսկվայում կարեւորում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Հինգշաբթի օրը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ վկայում է կողմերի` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ երկխոսությունը շարունակելու ձգտման մասին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան: «Կարեւոր է ինքը` հանդիպման փաստը, որովհետեւ դա նշանակում է այն գործընթացի շարունակում, որը նախագահը սկսեց ավելի վաղ, երբ կնքվեց Մոսկովյան հռչակագիրը»,- ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Դա կարեւոր պահ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ժամանում են Սանկտ-Պետերբուրգ, որպեսզի մասնակցեն ֆորումին: Դա թույլ է տալիս եւս մեկ անգամ հանդիպել եւ քննարկել ընթացիկ իրավիճակը: Այստեղ կարեւոր է ինքը` երկխոսության շարունակման փաստը եւ այն, որ կողմերը երկխոսության պատրաստակամություն են ցուցաբերում եւ ճանաչում Ռուսաստանի միջնորդական դերը ղարաբաղյան հիմնահարցում»,- ընդգծել է Տիմակովան: