ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը աջակցություն է հայտնել բոլոր ձերբակալվածներին։
Նա նաև կոչ է արել ընդդիմադիրներին մի կողմ դնել ներքին տարաձայնությունները և պայքարի ընդհանուր ճակատ ստեղծել։
«Օրվա կառավարիչը փորձում է բացահայտ բռնատիրություն հաստատել մեր երկրում: Աջակցությունս եմ հայտնում բոլոր ձերբակալվածներին:
Ընդդիմադիր բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում գոնե ժամանակավորապես մի կողմ շպրտելով ներքին տարաձայնությունները՝ անհապաղ միավորվել, ստեղծել մեկ ընդհանուր պայքարի ճակատ: Միայն այդ պարագայում կա հաղթանակի հնարավորություն»,- հայտարարել է Համբարձումյանը։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։
Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: