25 հունիսի 2025 - 18:23 AMT
«Սրբազան պայքար»․ ՔԿ-ի ներկայացրած «հեղաշրջման» փաստաթուղթը մեկ տարվա վաղեմություն ունի

«Սրբազան պայքար» շարժումը հայտնել է, որ Քննչական կոմիտեի այսօր հրապարակած «հեղաշրջման ծրագրում» նշված «ամսաթիվը վկայում է՝ այն կազմվել է մեկ տարի առաջ և իրականություն չի դարձել»։ Այդ մասին ասվում է շարժման Տելեգրամի ալիքում։

«Երկրի ղեկավարի պաշտոնում նստած չարիքը, հղվելով իշխանությունների գրպանի քարոզչական կայքերի «տեղեկություններին», նախօրեին պնդում էր, իբր ընդդիմությունը երկրում հեղաշրջում անելու ծրագիր ունի։ Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը (նկար 1)։

Մինչդեռ Քննչական կոմիտեի՝ այսօր հրապարակված այդ նույն «ծրագրի» մեջ հստակ երևում է, որ «ծրագիրը» մեկ տարվա վաղեմություն ունի (նկար 2) և, իհարկե, չի իրագործվել։

Այսիքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բռնաճշումներ իրականացնելու համար օգտագործել է անհայտ մարդկանց կողմից մեկ տարի առաջ պատրաստված, բայց այդպես էլ կյանքի չկոչված ինչ-որ թուղթ։ Ընդ որում, դատելով այն փաստից, որ «ծրագրում» առկա ամսաթիվը չարիքն ու իր քարոզչամեքենան երեկ ծածկել էին, կարելի է վստահ պնդել, որ իշխանությունն ինքն էլ հրաշալի գիտի՝ հորինված թղթի վրա ապօրինի հետապնդումներ է իրականացնում»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։