Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, աջակցություն հայտնել «քաղաքական դրդապատճառներով հետապնդվողներին»։
Նշվում է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։
«Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին եւ դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։
Այսօրվա կառավարիչների հակապետական գործունեության հետեւանքով մեր հայրենիքը հայտնվել է օրհասական իրավիճակում։
Ազգային ուժերի համախմբման և համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ ՔԿ–ն տվյալ գործով դատարան է ներկայացրել 16 անձանց կալանավորելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է նրանցից 9-ի կալանավորման պահանջը, մեկ անձի վերաբերյալ միջնորդության քննարկումը կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։
Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: