Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել և կանխել են վտանգավոր հանցագործություն, որը նպատակ ուներ խարխլել երկրի պետականությունը, ազգային անվտանգությունն ու կայունությունը։
Նա բարձր է գնահատել ԱԱԾ, Քննչական կոմիտե, ոստիկանություն, դատախազություն և ՆԳՆ համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների, հայտնում է Արմենպրեսը։
«Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին»,–ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ այդ հարցի շուրջ առավոտյան քննարկում է ունեցել ՀՀ նախագահի հետ։
Միաժամանակ, անդրադառնալով հանրային արձագանքներին՝ նա նշել է, որ մի շարք օգտատերեր այս դեպքը համեմատում են 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ։
Փաշինյանն ասել է. «Օգտատերերի մի խումբ արձանագրում է, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել։ Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում՝ արդյոք 1999 թվականին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես պետք է վստահելի ձևով ձևակերպել։ Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»։
Վազգեն Գալստանյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ահաբեկչության, զանգվածային անկարգությունների, իշխանության յուրացման նախապատրաստում։
Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել ընդհանուր առմամբ 16 անձի կալանավորման միջնորդություն։ Նրանցից 9-ի մասով դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, մեկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։ Մնացածների հարցերը նույնպես կքննվեն նույն օրը։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։
Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: