26 հունիսի 2025 - 13:38 AMT
Սաղաթելյանը՝ Պապիկյանին․ Թուրքերի կոշիկները լիզող, սրիկան էլ ես դու, անհայրենիքն էլ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ իրականացվող քաղաքական հետապնդումներով վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել դիմադրության կենտրոնները և ու պահել իր իշխանությունը, սակայն պայքարողներին ընկճել չի կարող։

Սաղաթելյանը հավելել է, որ ծիծաղելի են այս իշխանության ներկայացուցիչների հրապարակումները՝ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ֆոնին, գրում է Aysor.am-ը։

«Վայնասունը բարձրացրած՝ հիստերիկ գրառումներ են անում։ Քիչ առաջ տեսա պաշտպանության նախարարի գրառումը․ չես իմանում՝ լացե՞ս, թե՞ ծիծաղե՞ս․․․ Դու պաշտպանության նախարա՞ր ես, թե՞ ով ես։ Թուրքերի կոշիկները լիզում եք, թշնամին՝ Ջերմուկում, ՀՀ տարածքից 200 քառակուսի կմ զիջել եք, որևէ բան չեք անում․․․ ու դեռ մատ է թափ տալիս․ «սրիկա, չգիտեմ ինչ»։

Տո՛, սրիկան էլ ես դու, անհայրենիքն էլ ես դու ու ընդհանրապես՝ բոլորդ»,- Պապիկյանին ու մյուսերին ի պատասխան՝ շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ ՔԿ–ն տվյալ գործով դատարան է ներկայացրել 16 անձանց կալանավորելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է նրանցից 9-ի կալանավորման պահանջը, մեկ անձի վերաբերյալ միջնորդության քննարկումը կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: