26 հունիսի 2025 - 13:51 AMT
Պապոյան․ Ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԵՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԵՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը»։

Նա հավելել է, որ Հայաստանի բնակչությունն ու տնտեսությունը չեն կարող «գերի մնալ մի քանի ստահակի քմահաճույքներին»։

«Ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԵՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը։

Հայաստանի բնակչությունն ու տնտեսությունը չեն կարող գերի մնալ մի քանի ստահակի քմահաճույքներին։

Կարծում եմ առանձին հետաքննության առարկա պետք է դառնա վերջին օրերին բնակչության, խոշոր տնտեսական միավորների և պետական կառավարման համակարգի շենքերի զանգվածային հոսանքազրկումը։

Պետության և ժողովրդի դեմ այս սաբոտաժը պետք է բնում խեղդել շատ արագ»,–գրել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: