Հայաստանն ու Թուրքիան արձանագրել են, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Գաղտնիք չէ՝ Թուրքիան ձգտում է դեպի Կենտրոնական Ասիա իր կապուղիներն ավելի բարելավել։ Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ։ Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ մեր 3.5 սահմանները փակ էին՝ կապված Իրանի շուրջ իրադարձությունների հետ»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը ներկայացվել է Անկարային, և կողմերն արձանագրել են, որ Երևանը հանդես է գալիս կառուցողական դիրքորոշմամբ՝ հաղորդակցությունների բացման հարցում։
Փաշինյանը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Այդ այցի օրակարգը նախապես չէր հրապարակվել՝ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչը նաև հայտարարվել էր վարչապետի կողմից։ Նա Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրագործումը չէ, նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։
«Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում։ Եկեք բացենք սահմանները։ Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով հնարավորություն տանք ապրելու»,–ասել է նա։