26 հունիսի 2025 - 14:48 AMT
Հոգեմետ դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվեց

Էլեկտրոնային դեղատոմսերով հոգեմետ դեղերի դուրսգրումը ժամանակավորապես հետաձգվել է՝ նոր կարգի ներդրման ընթացքում խոչընդոտներից խուսափելու համար։

Հոգեներգործուն նյութեր պարունակող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով տրամադրումը փոքր ժամկետով հետաձգվել է և սահմանվել է, որ այն ուժի մեջ կմտնի միայն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ այս հետաձգումը պայմանավորված է ներկայում առկա որոշ խնդիրներով, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը ենթադրում է աստիճանական մոտեցում։

Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը ՀՀ–ում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի 1–ին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով, առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը և ներդնել փուլային կարգով»:

Կառավարությունը նախագիծը հաստատելով՝ նպատակ ունի նվազեցնել նոր կարգի պատճառով բնակչության մոտ կարող առաջանալ անհարմարությունները, ինչպես նաև բժիշկների վրա ավելորդ աշխատանքային ճնշումը։