27 հունիսի 2025 - 12:44 AMT
Լուկաշենկո․ ՀՀ բացակայությունը համաժողովում վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ–ում խնդիրներ կան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական ֆորումի պլենար նիստում, ընդգծել է, որ Հայաստանի դեպքում չի կարելի մեղադրել բացառապես մեկ կողմին:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նիստին հեռակապի միջոցով, իսկ նրա անհատական բացակայությունը ֆորումին «վկայում է ԵԱՏՄ–ում առկա խնդիրների մասին», գրում է ՌԲԿ–ն։

«Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը։ Պարզապես այսօր գլխով անել՝ ասել ահա, չեն եկել, դա մենք լավ ենք անում, բայց եթե ինչ–որ բան տեղի է ունենում, չի կարող մեղավորը միայն մեկ կողմը լինել։ Պետք է փորձել գտնել պատճառները։ Ինչո՞ւ է Հայաստանն այսպիսի դիրք գրավում։ Հավանաբար, ամեն ինչ չէ, որ կարգին է մեզ մոտ, դա չի կարելի անտեսել»,– նշել է նա։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել էր գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը և հայտարարել, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա չի այցելի Բելառուս։