27 հունիսի 2025 - 13:35 AMT
ՔԿ. Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

Քննչական կոմիտեն հայտնել է, որ համացանցում տարածված վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով:

Նշվում է, որ հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին։

«Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 364–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։

Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ՝ համակարգչային կեղծիք կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ համակարգչային կեղծիք տարածելու և այդ կերպ հանրությանը մոլորեցնելու և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: