27 հունիսի 2025 - 17:05 AMT
Սաակաշվիլի․ Փաշինյանը կրկնում է մեր բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն միջոցները

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, հեռավար մասնակցելով դատարանի նիստին, հայտարարել է, որ կարող է վճռորոշ դեր ունենալ Վրաստանի միավորման և «Կովկասի մեծ միասնության գործում»։

«Ես կարող եմ դա անել իմ պատմական փորձի և իմ համբավի շնորհիվ»,–ասել է նա։

Նա նաև ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ «Փաշինյանը, կրկնում է այն բարեփոխումները, որ մենք ենք իրականացրել, այդ թվում՝ մեր հակակոռուպցիոն միջոցառումները», հայտնում է 1tv.ge-ն։

«Ես շատ սերտ հարաբերություններ ունեմ տարածաշրջանի գրեթե բոլոր ղեկավարների հետ։ Իսկ նրանք, ում հետ սերտ կապ չունեմ, ինչպես օրինակ՝ Փաշինյանը, կրկնում են այն բարեփոխումները, որ մենք ենք իրականացրել, այդ թվում՝ մեր հակակոռուպցիոն միջոցառումները։ Ես զգում եմ, որ ունակ եմ դա անել՝ միայն վրաց ժողովրդի և բոլոր քաղաքական ուժերի հետ միասին։ Ես ստանձնում եմ այս պատասխանատվությունը, սակայն լավ գիտեմ, որ ուժը միասնության մեջ է, և մեկ մարդ չի կարող հաղթահարել։

Բայց, իհարկե, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի մենք հնարավորինս շուտ սկսենք այս ուղղությամբ շարժվել։ Միավորված Կովկասը՝ միավորված Վրաստանով որպես առանցք, մոտ ապագայում կդառնա աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող խաղացող։

«Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը արդեն եղել է այդպիսի խաղացող։ Ապա հակահեղափոխություն տեղի ունեցավ մեր թշնամիների աջակցությամբ, և մեզ զրկեցին այդ կարգավիճակից, բայց մենք այն կվերադարձնենք՝ մեր բարեկամների աջակցությամբ, այդ թվում՝ ուկրաինացիների, որտեղ, ինչպես հայտնի է, ես մինչ օրս գլխավորում եմ Նախագահ Զելենսկու մոտ բարեփոխումների խորհրդը։ Եվ նաև՝ եվրոպացիների և ամերիկացիների աջակցությամբ», — հայտարարել է Սաակաշվիլին։

Նա հավելել է, որ Վրաստանում իրավիճակի փոփոխությունից հետո կխստացվի մուտքի վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ, ինչպես նաև կվերանայվեն գույքային հարաբերությունները։