Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանից Էջմիածին քաղաք տանող մուտքի մոտ: Նրանք առանձին մեքենաներ են կանգնեցնում, բեռնախցիկներն են ստուգում, այնուհետև թույլատրում երթը, հայտնում է «Ազատությունը»։
Առավոտից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծաթիվ ուժայիններ էին հավաքվել: ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկաններն առավոտյան ժամանել էին ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Վերջինս հայտարարեց, որ թաքնվելու կարիք չունի: Տեղի ունեցած հրմշտոցից հետո նա վերադարձավ Վեհարան։ Մայր Աթոռում հավաքվածները մի քանի ժամ է փորձում էին թույլ չտալ այնտեղից տեղափոխել Միքայել սրբազանին:
Ավելի ուշ հայտարարվեց, որ ԱԱԾ-ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»,–ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։