27 հունիսի 2025 - 15:07 AMT
«Հանուն Հանրապետությանը» դատապարտում է ցանկացած փորձ՝ օգտագործելու եկեղեցին որպես քաղաքական թիկունք

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հանուն Հանրապետությանը» դատապարտում է ցանկացած փորձ՝ «օգտագործելու եկեղեցին որպես քաղաքական թիկունք կամ իրավական պատասխանատվությունից խուսափելու պատնեշ»։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես մեր ժողովրդի հոգևոր և ազգային ինքնության հիմք, անժխտելիորեն գտնվում է «Հանուն Հանրապետության» կուսակցության պաշտպանության ներքո։ Մենք հստակորեն արձանագրում ենք՝ Հայ Եկեղեցին պետք է անխոցելի մնա քաղաքական շահարկումներից, իսկ նրա սպասավորները՝ պաշտպանված՝ ինչպես պետության, այնպես էլ ժողովրդի վստահությունից բխող պատասխանատվությամբ։

Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք իրավական պետության սկզբունքին․ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքի սահմաններում, և որևէ վայր՝ այդ թվում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կամ թեմական կառույցները, չպետք է դուրս մնան իրավական վերահսկողությունից։ Որևէ անձ, անկախ իր հոգևոր կամ աշխարհիկ կարգավիճակից, եթե առնչվում է օրենքի խախտմանը, պետք է պատասխան տա բացառապես օրենքի առաջ՝ ամբողջական զերծ մնալով քաղաքական կամ բարոյական մանիպուլյացիաներից։

Հայ հոգևորականը միշտ եղել է պետության կողքին՝ խաղաղության, արդարության, բարոյականության ճանապարհին։ Եվ այսօր էլ մենք համոզված ենք՝ հայ հոգևորականը կանգնած է օրենքի, արդարության և հանրային բարոյականության կողքին, ու նրա իրական պաշտպանը պիտի լինի օրենքն ու իրավական պետությունը։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ցանկացած փորձ՝ օգտագործելու եկեղեցին կամ հոգևոր աստիճան ունեցող անձանց՝ որպես քաղաքական թիկունք կամ իրավական պատասխանատվությունից խուսափելու պատնեշ։ Եկեղեցին սուրբ է՝ այնքանով, որքանով մնում է ժողովրդի, հոգևոր ծառայության և իրավունքի պաշտպանության մեջ։

Մենք կոչ ենք անում բոլորին՝ ե՛ւ հոգևորականությանը, ե՛ւ հավատացյալ ժողովրդին, ե՛ւ քաղաքական դերակատարներին, վեր կանգնել ամեն տեսակ շահարկումից և համատեղորեն պահպանել ամենայն հայոց կաթողիկոսության, Մայր Աթոռի, և ընդհանրապես Հայ Եկեղեցու վարկն ու կարգավիճակը՝ սրբորեն հենվելով Սահմանադրության, օրենքի և ազգային միասնության վրա»,–ասվում է հայտարարության մեջ։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց վեհարան։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։