27 հունիսի 2025 - 15:28 AMT
ՀԷՑ-ի պետականացման համար օրենսդրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է

Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է օրենսդրական նախագիծ, որի նպատակն է իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացումը։

Նախաձեռնությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը նախատեսում է փոփոխություններ կատարել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում։ Օրինագծի հիմնական զեկուցողը լինելու է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, հայտնում է Factor.am-ը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ամրագրել լիցենզավորված անձանց գործունեության ռիսկայնության պարագայում կառավարության լիազոր մարմնի իրավասությունը՝ հանդես գալ հաղորդմամբ, ինչպես նաև այդ հաղորդումից բխող իրավական հետևանքները։ Ավելին՝ նախատեսվում է նաև նման վարույթների ընթացքում թույլ տալ կիրառել կանխարգելիչ մեխանիզմներ՝ հստակեցված ընթացակարգերով։

Ըստ հիմնավորման՝ նախաձեռնության նպատակն է ապահովել սպառողների իրավունքների և օրինական շահերի ամբողջական պաշտպանությունը էներգետիկայի ոլորտում՝ հաշվի առնելով ոլորտի ռազմավարական նշանակությունն ու գործունեության կրիտիկական բնույթը։

Նշվում է, որ մինչ այժմ նախագիծը դեռ հասանելի չէ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցում, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ի պետականացման նախաձեռնությունն արդեն պատրաստ է և առաջիկայում ընդգրկվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում։

Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը չունի սեփականությունը խլելու նպատակ:

«Դուք կտեսնեք նախագիծը, որի բոլոր հիմքերը օրենսդրությամբ սահմանված են, և մենք դրա կայացումն ապահովելու ենք։ Մենք կիրառում ենք հանրային շահի գերակայության տրամաբանությունը։ Չենք կարող մեկ մարդու ասել՝ դու ինչ ուզես կարող ես անել»,- վստահեցրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում նշել է, որ ՀԷՑ-ը «կարմիր գծերն անցել է» և անհրաժեշտ է հնարավորինս արագ ապահովել դրա պետականացումը։ Երկու օր առաջ էլ վարչապետը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀԷՑ-ը հանրայնացնելու պլանը ամբողջությամբ պատրաստ է։