Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից ոտքով շարժվել է դեպի Երևան՝ ՀՀ քննչական կոմիտե։ Հավաքվածները թույլ չէին տալիս, որ նա մեքենա նստի, սրբազանն էլ հայտարարել է, որ ոտքով կգնա, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ոտքով կգնամ այնքան, որքան կկարողանամ»,– ասել է նա։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռի տարածքից դուրս գալուց հետո դեպի Քննչական կոմիտեի ճանապարհը շարունակել է ավտոմեքենայով, հայտնում է 1lurer.am-ը։
Սրբազանը շնորհակալություն է հայտնել բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերվեց, հայտնում է Panorama.am-ը։
«Խորապես շնորհակալ եմ և անձնապես, և իբրև հոգևորական, բայց իրենք հասկացան... Կարծում եմ, որ գոնե իրենք այս պահով հասկացան»,- Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանն ընդգծել է, որ վարույթը հարուցվել է դեռևս հունիսի 17-ին, ուստի իրավապահները կարող էին իրեն ձերբակալել ցանկացած պահի մինչև հունիսի 26-ը ներառյալ՝ առանց աղմուկի ու հանրային միջադեպի։ Սակայն, ըստ նրա, այդ օրը հատուկ են ընտրել՝ ուժի ցուցադրում իրականացնելու համար հենց Մայր Աթոռից դուրս։
«Իրենք չպիտի որ չիմանային, օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով, դժվար թե չիմանային, որ 20 տարուց ավելի է այդ ժողովի պատասխանատուն եմ, ատենապետն եմ։ Շատ լավ գիտեին։ Բայց ինչու համար որոշել էին ամսի 27-ին այստեղ, այս մասկի-շոուն կազմակերպել, չստացվեց։ Շնորհակալ եմ բոլորիդ՝ քահանաներին, ժողովորդին, իմ հոգևոր եղբայրներին, Վեհափառ Հայրապետին՝ իր հայրապետական բարձր պահվածքի համար։ Իրենք հասկացել են և նահանջել են»,–ասել է Աջապահյանը։
Սրբազանը շեշտել է, որ նման փորձերը պետք է կանխվեն և չթույլատրվեն՝ պաշտպանելու Մայր Աթոռի հոգևոր միջավայրը։ Նա վստահեցրել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են ու շինծու, և ինքը երբեք չի փախել պատասխանատվությունից։
«Դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպեսզի երկրորդ հարձակումը թույլ տան ու պղծեն Մայր Աթռոի հոգևոր մթնոլորտը։ Որևէ բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի մեղադրանք է։ Երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խուսափել, իմ ասծաներից չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել, պետք է շարունակեմ նույն ոգով։»
Ամփոփելով իր խոսքը՝ սրբազանը նշել է, որ հոգևորականներն ամենուր ապրում են որպես աքսորյալներ և ընդգծել՝ Աստված նաև բանտում է մոտ։
«Հոգևորականներս այս աշխարհում ապրում ենք իբրև աքսորյալ՝ բանտում կլինի, բանտից դուրս, ամեն տեղ մեզ համար բանտ է։ Ամենուր Աստված մոտիկ է, նաև բանտում։ Այս ճակատամարտը ձեր օժանդակությամբ հաղթել ենք»,–ասել է նա։
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։
Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։