Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը, անդրադառնալով Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «սերունդներով պատժվելու ենք այս սրբապղծության համար»։
«Քանի՞ հազար մարդ է հերթ կանգնել, որ համբուրի Բագրատ և Միքայել Սրբազանների ձեռքը…Քանի՞ հազարն է խնդրել, որ հենց նրանք անցկացնեն իրենց ընտանիքների ամենասակրալ արարողությունները...
Քանի՞սն են կիսվել Սրբազանների հետ ամենաանձնական հարցերով և խորհուրդ խնդրել...Քանի՞ հազարն է ասել, թե ինչու՞ եկեղեցին բավարար չի պայքարում Հայաստանի/Արցախի համար...
Ինչի՞ և ու՞մ համար են պայքարում Սրբազանները և Եկեղեցին...
Ո՞վ է մեզանից յուրաքանչյուրը, եթե ուրանում է այս ամենը...Հանուն ու՞մ, ինչի՞ եք ուրանում...
Բոլոր այն ծանոթներս, ընկերներս, բարեկամներս, որ Արցախի հանձնումից մինչև խաղաղ ցուցարների վրա կրակելն արդարացրեցիք, որ թեկուզ հայոյելով ՔՊ կոչվող այս դավաճան ուժին՝ նույնիսկ հիմա շարունակելու եք աջակցել/համագործակցել նրանց հետ՝ «տուն պահելու» ստոր արդարացմամբ, համարեք այլևս իրար չենք ճանաչում: Սերունդներով պատժվելու ենք այս սրբապղծության համար»,–գրել է նա։
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։
Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։