27 հունիսի 2025 - 18:15 AMT
Փաշինյան․ Բախումներ չեն լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մայր աթոռի շուրջ ստեղված իրավիճակին, գրել է, որ բախումներ չեն լինելու՝ «ՀԱԵ հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է»։

«Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։

Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է և Վեհարանը հանձնելու է Վեհի»,–գրել է նա։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռի տարածքը լքելուց հետո մեքենայով շարունակել է ուղին դեպի Քննչական կոմիտե։

«Այսօր նախատեսված էր քահանաների ժողով Մայր աթոռում, համակարգողը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր։ Ժողովը նախատեսված էր ավելի քան մեկ ամիս առաջ»,-ներկայացնելով այսօր Մայր աթոռում կատարվածը՝ հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը, հայտնում է Panorama.am-ը։

Միքայել Սրբազանին ձերբակալելու համար Մայր Աթոռ եկած ԱԱԾ աշխատակիցներին առաջարկել են սպասել ժողովի ավարտին, որից հետո Միքայել Սրբազանը կներկայանա ՔԿ, սակայն ԱԱԾ աշխատակիցները չեն համաձայնվել։

«Միքայել սրբազանը համաձայնվել է քննչական կոմիտե ներկայանալ նույնիսկ այդ անհամաձայնության պայմաններում։ Սակայն ինչպես ականատես եղաք, այստեղ ոստիկանների, ուժայինների մեծ հոսք է եղել, ինչն առաջացրել է ինչպես հոգևորականների, այնպես էլ քաղաքացիների վրդովմունքը։ Տեղի ունեցավ այն, ինչ եղավ։ Լավ է, որ բախումներ չեղան, չունեցանք բացասական հետևանքներ։ Նույնիսկ սրբազանը մեքենային էր հասել՝ նստելու, չստացվեց, ի վերջո ոստիկանական ու ԱԱԾ ուժերը նահանջեցին։ Հիմա մենք ինքներս մեկնում ենք ՔԿ՝ ներկայանալու ու քրեադատավարական գործողություններին մասնակցելու»,-ասել է Արա Զոհրաբյանը։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։