Փաստաբան Արամ Վարդևանյանը Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ըստ իր ուսումնասիրած հաղորդագրությունների՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ներկայացված մեղադրանքը ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին է։
«Պատկերացրեք միջին ծանրության հանցանքի դեպքերով նույնիսկ մեկ ոստիկան չի գալիս բերման ենթարկելու որևէ անձի։ Տվյալ դեպքում ականատես եղանք նրան, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր իրավապահներ այստեղ են, որ հարկադրանքի միջոց կիրառեն»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Փաստաբանը հստակեցրել է ենթադրյալ հանցագործության բնույթը՝ նշելով, որ այն խոսքի ազատության մասին է։
«Լինում է ցնցող, սուր խոսք, բայց Եվրոպական դատարանի նախադեպային ամբողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն՝ այստեղ մի ընտրություն կա, եթե ընտրում ես ժողովրդավարական ճանապարհը, ապա խոսքի արժեքն ամենակարևոր արժենք է, եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա եթե խոսքի ազատությունն իրականացնում ես սուր ձևով, ապա պետք է ականատես լինենք հազարավոր իրավապահների, այն էլ՝ վեհարանում, այն էլ երբ տվյալ դեպքում խոսում ենք Սրբազան հոր մասին»,-ասել է նա։
Նրա կարծիքով այս իրավական գործընթացները բացարձակապես անհիմն են։
«Սա իսկապես աբսուրդ է, որ մենք կարող ենք պատկերացնել, աբսուրդ է, որ մենք ունենք պարտականություն Մայր Աթոռին, Սրբազան հորը, Վեհափառ հայրապետին պաշտպանելու։ Սա իրավական որևէ տրամաբանություն չունի»,–ասել է նա։
Վարդևանյանն ընդգծել է, որ նման հանցանքի պարագայում հնարավոր է սահմանվի տուգանք կամ այլ տեսակի պատիժ։
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։
Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։