27 հունիսի 2025 - 18:34 AMT
Սոբհանին՝ ԻՀԿ հռչակագրի մասին․ Խորհուրդ ենք տալիս ինքնակոչ պահանջներով չխանգարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված ու ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ, ասել է, որ Իրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։

Դեսպանը հատուկ անդրադարձել է հռչակագրում հիշատակված «արևմտյան Ադրբեջան» ձևակերպմանը՝ պարզաբանելով, որ «Այդ օգտագործվող «արևմտյան Ադրբեջան» անվանումը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է։ Այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար՝ հատկապես, եթե այն ենթադրում է որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի՝ մասնավորապես Հայաստանի նկատմամբ»։

Նա նշել է, որ հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, պետք է խուսափել նման արտահայտությունների օգտագործումից։

«Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ցանկացած կեղծ և շինծու արտահայտություն, որն իրենից կարող է որևէ տեսակի տարածքային պահանջ ենթադրել մեկ այլ երկրի նկատմամբ, մենք դա ևս կտրականապես մերժում ենք։ Այդ հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, և պետք է խուսափել այդ արտահայտությունների օգտագործումից»,–ընդգծել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ Իրանը սատարել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վերաբերյալ երկխոսությանը և կոչ է արել կողմերին հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիր։

«Հայաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը միշտ կայուն և հաստատուն է։ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ով էլ որ սրա հակառակն ասի, մենք դեմ ենք դրան։ Եվ խորհուրդ ենք տալիս, որ ինքնակոչ այս պահանջներով չխանգարեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,–շեշտել է Իրանի դիվանագիտական ներկայացուցիչը։

Հունիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ իր խոր հիասթափությունն է արտահայտել հռչակագրում տեղ գտած ձևակերպումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես կեղծ ու անընդունելի։ Իսկ հունիսի 26-ին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ ԻՀԿ անդամ մի շարք պետություններ, կապի մեջ լինելով Հայաստանի հետ, հավաստիացրել են, որ իրենց դիրքորոշումները չեն համընկնում հռչակագրում արտահայտված ձևակերպումների հետ։