Բերման է ենթարկվել ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեության ներկայացուցիչ Հայրո Զաքարյանը, հայտնում է ՀՅԴ Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը։
«Մայր Աթոռի վրա սրբապիղծ հարձակմանը զուգահեռ շարունակվում են ապօրինությունները ընդդիմադիրների նկատմամբ։ ...Քիչ առաջ Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է հրավիրվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հունիսի 25-ին հայտնի է դարձել՝ իրավապահները սկսել են լայնածավալ խուզարկություններ «Սրբազան պայքար» նախաձեռնությանը սատարող քաղաքացիների տներում։ Այդ գործողությունները իրականացվել են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ինչպես նաև Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի ներկայացուցիչ Արտաշես Հունանյանի, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
Խուզարկություններ են իրականացվել նաև Էջմիածնում՝ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող մի շարք բնակիչների բնակարաններում։ Նրանց շարքում են եղել «Էջմիածին» խմբակցության անդամ Էդգար Թամազյանը, ինչպես նաև Արթուր Մակարյանը, Արսեն Քազարյանը և Արմեն Ալեքսանյանը։
Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդներն ու մասնակիցները կազմել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ իրականացնելու և պետական իշխանությունը զավթելու ծրագիր։