Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, նկարագրելով հայ-իրանական փոխհարաբերությունները Թեհրանի ու Թել Ավիվի միջև ռազմական գործողությունների ժամանակ, ասել է, որ Թեհրանը շնորհակալ է Իրանի համար դժվարին օրերին Հայաստանի ցուցաբերած աջակցության համար, և գնահատում է հայ ժողովրդի ու Հայաստանի կառավարության դիրքորոշումը։
«Հայաստանի ժողովուրդն իր միաբանությունը և աջակցությունը ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ, ինչ համար շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալ ենք նաև Հայաստանի կառավարությանը այս օրերի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Ընկերներին ճանաչում են ուրախության և տխրության մեջ»,-շեշտել է դեսպան Սոբհանին։
Նա հավելել է, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակման կապակցությամբ Հայաստանն արձագանքել է հստակ՝ դատապարտելով ագրեսիան, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի Թեհրանի համար։
«Հայկական կողմն արտահայտեց հստակ դիրքորոշում՝ դատապարտելով Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան։ Մենք ականատես ենք եղել հայ ժողովրդի միասնական և հոգևոր աջակցությանը՝ Իրանի ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում»,-ասել է Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև իրականացվող ծրագրերն ընթացքի մեջ են մնացել, և նույնիսկ այդ ծանր օրերին ինքը հանդիպումներ է ունեցել Հայաստանում գործող իրանական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խրախուսելով շարունակել աշխատանքները։
Դեսպանը նաև տեղեկացրել է, որ իրավիճակը Իրանում այս պահին կայունացել է, աշխատանքներն ընթանում են բնականոն ձևով։ Նա նաև վստահություն է հայտնել, որ առաջիկայում կվերականգնվի Հայաստան-Իրան օդային հաղորդակցությունը։
«Իրանում իրավիճակը ներկայում կարգավորվել է, բոլոր աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով։ Ես լիահույս եմ, որ այսօրվանից Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը նույնպես կվերականգնվի»,-ընդգծել է դեսպանը։
Մեհդի Սոբհանին շեշտել է, որ հայ-իրանական հարաբերությունները երբեք չեն ընդհատվել, իսկ փոխադարձ այցերն ավելի ակտիվ բնույթ են ստացել։
Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը սկսել է Իրանի դեմ ռազմական գործողություն՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «անդառնալիության կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանել է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ ։ Հունիսի լույս 22–ի գիշերը ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանն ավելի ուշ հայտարարել է, որ տարհանել էր բոլոր բաղադրիչները։ Այժմ Իրանի և Իսրայելի միջև հրադադար է։