28 հունիսի 2025 - 10:45 AMT
Միքայել սրբազանը 2 ամսով կալանավորվել է

Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ դատարանի որոշմամբ նաև սահմանափակվել են նրա շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների հետ, հայտնում է 1lurer.am-ը։

Ավելի վաղ Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Աջապահյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով։ Քննչական մարմինը ներկայացրել է միջնորդություն դատարանին՝ նրան կալանավորելու մասին։

Քրեական վարույթը հարուցվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերել են «երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու» կոչերին։ Գործը վերաբերում է իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանության հրաժարման կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու ուղղությամբ արված հրապարակային կոչերին։

Դատարանում Միքայել սրբազանն ընդգծել է՝ եթե իրեն կալանավորեն, ինքը միևնույնն է Աստծուն երախտապարտ կլինի՝ այս փորձությունն ապրելու համար, խոսքերը փոխանցել է նրա պաշտպանը,հայտնում է Panorama.am-ը։

Զոհրաբյանի խոսքով՝ Սրբազանը պահպանում է մարտական տրամադրություն, մնում է հանգիստ և պատրաստվում է օգտագործել այս հանգամանքները՝ հանգստանալու նպատակով։

Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։