28 հունիսի 2025 - 11:22 AMT
Աջապահյանը հորդորել է իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հորդորել է իր «անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»։ Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով սրբազանի հայտարարությունը։

«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտնել է, որ աջակցում է Միքայել Աջապահյանի թեկնածությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության շրջանակում։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է հրաժարվել իր թեկնածությունից ընդդիմադիր ուժերի համախմբման նպատակով և առաջադրել Միքայել Աջապահյանին։ Նա նշել է, որ այս առաջարկով քննարկումներ է ունեցել նաև անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ, որոնք ց Մարուքյանի թեկնածությունն էին առաջարկել։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս արձագանքել է Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու առաջարկին:

«ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի և թեկնածուի համաձայնության պարագայում»։

Խմբակցությունը միևնույն ժամանակ առաջարկել է, որ եթե Վեհափառի և Աջապահյանի համաձայնությունը չլինի, ապա Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները միանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին

Ավելի վաղ Աղազարյանը և Ասլանյանը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին նախաձեռնել՝ առաջադրելով Մարուքյանի թեկնածությունը, սակայն այն ձախողվել էր՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մասնակցության բացակայության պատճառով։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ իր կողմից առաջադրվող թեկնածուն լինելու է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Վերահաստատում ենք, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից

Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում»,-ասվում է «Պատիվ ունեմի» հայտարարության մեջ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։

Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։