ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը մեկնաբանել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը՝ ընդգծելով, որ այս «ներկայացման վերջնանպատակը պարզ է՝ թիրախում է Վեհափառ Հայրապետ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը սպասելի էր։ Սա ոչ թե իրավական գործընթաց էր, այլ հերթական արարն այն քաղաքական բեմադրության, որի ռեժիսորն իշխանությունը միահեծան կերպով բռնազավթածն է։ Այս ներկայացման վերջնանպատակը պարզ է ու սոսկալի՝ թիրախում է Վեհափառ Հայրապետը, թիրախում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության վերջին պատվար։
Սա անհատների դեմ ուղղված վենդետա չէ․ սա համակարգված ծրագիր է՝ ուղղված մեր պատմական հիշողության, հոգևոր ինքնության և պետականության կենսունակության դեմ»,–գրել է նա։
Նշվում է, որ փորձ է արվում վերացնել այն հոգևոր տունն ու սրբատեղին, որտեղ հայ մարդը դեռ կարող է խոնարհվել, դեռ կարող է ուժ առնել, դեռ կարող է հիշել, թե ով է ինքը։
«Պատրա՞ստ ենք դիմակայելու։ Գիտակցո՞ւմ ենք, որ սա հողից, սահմաններից ու կառույցներից անդին տանող մարտ է՝ մեր ինքնության համար վերջին ճակատամարտը։
Պահանջվում է զգոնությու´ն, սթափությու´ն և պատրաստակամությու´ն։ Յուրաքանչյուրս պիտի իր ներսում որոշում կայացնի՝ անտարբե՞ր է մնում, թե՞ կանգնում է հանուն իր խղճի, իր ազգի ու իր եկեղեցու։
Եղե´ք ոտքի կանգնելու պատրաստ` առաջին իսկ անհրաժեշտությամբ ու կոչով: Այսօր բոլորիս ձեռքերում է ոչ միայն այսօրվա գոյատևման բանալին, այլև` մեր նախնիների պատգամի ներքո վաղվա օրակարգերի ձևավորման պատմական առաքելության վերագտնումը»,–ասվում է գրառման մեջ։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։
Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։