Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով իր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, նշել է, որ Ֆրանսիայի համերաշխությունն է հայտնել «հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում»։ Այդ մասին ասվում է նրա X-ի միկրոբլոգում։
«Լավ հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես հայտնել եմ Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում։
Ես նաև վերահաստատել եմ մեր աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նրա խիզախ ջանքերին։ Խաղաղությունը և բաց սահմանները ամբողջ տարածաշրջանի համար կդառնան կարևոր զարգացում և օրինակ այլոց համար»,- ասվում է գրառման մեջ։
Փաշինյանն ու Մակրոնը տեղի ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կարևոր թեմաներին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հայաստանի կառավարության ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի առաջնորդին՝ հայ-ֆրանսիական կապերի առաջխաղացման գործում նրա անհատական ներգրավվածության համար։
Երկու երկրների ղեկավարները համաձայնության են հասել խորացնել համագործակցությունը մի քանի առանցքային ուղղություններով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձ է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներին։
Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ քննարկման առարկա են դարձել երկկողմ համագործակցության, տարածաշրջանային զարգացումների և միջազգային օրակարգի մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում՝ խաղաղության հասնելու ռազմավարական ուղիները։
«Շնորհակալություն հայտնեցի նրան կապերի ամրապնդման գործում ունեցած անձնական ներդրման համար»,– նշել է Փաշինյանը։