Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանում ծավալվող իրադարձություններին, ասել է, որ դա երկրի ներքին գործն է։
«Դա Հայաստանի ներքին խնդիրն է։ Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում միջամտել այդ ներքին գործերին»,– նշել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ, գրում է Interfax-ը։
Հարցազրույցի հատվածը Զարուբինը հրապարակել է իր տելեգրամյան ալիքում։
«Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է։ Չմոռանանք, որ մի քանի միլիոն հայեր Ռուսաստանի քաղաքացիներ են, ովքեր ցավով են հետևում այս իրադարձություններին։ Շատերը, իհարկե, չեն ընդունում, թե ինչպես է դա տեղի ունենում։ Այո, մենք հետևում ենք, բայց դա Հայաստանի ներքին խնդիրն է», — շեշտել է նա։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Շիրակի թեմի առաջնորդ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը ձերբակալվել և կալանավորվել է երկու ամսով՝ իշխանության զավթման կոչեր հնչեցնելու մեղադրանքով։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։
Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։