30 հունիսի 2025 - 11:17 AMT
Հունիսի 30-ից հուլիսի 4-ը պատարագ կմատուցվի՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և խաղաղության համար

Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնից առաջ՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ն ընկած շաբաթապահքի օրերին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նախաձեռնել է համատեղ աղոթք։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, այդ օրերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ինչպես նաև թեմերում գործող առաջնորդանիստ եկեղեցիներում ամեն երեկո ժամը 18։30-ին կկատարվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագները կմատուցվեն ի նպաստ գերի հայտնված հայորդիների ազատ արձակման, դժվարությունների բեռը կրող եղբայրների ու քույրերի մխիթարության, ինչպես նաև մեր հայրենիքի խաղաղության։

«Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։