30 հունիսի 2025 - 11:42 AMT
Սկանդինավիայի հայերի միություն․ Եկեղեցու հետապնդման նպատակն է ծաղր ու ծանակի ենթարկել հայ ազգային ինքնությունը

Սկանդինավիայի հայերի միությունը դատապարտել է «քաղաքական հետապնդումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ»՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հետապնդումների «նպատակներն ակնհայտ են՝ զավթել եկեղեցին ու ծաղր ու ծանակի ենթարկել հայ ազգային ինքնությունն ու արժեքները», հայտնում է Aysor.am-ը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոտնահարելով օրենքն ու բարոյական բոլոր չափանիշները, շարունակում է իր քաղաքական հետապնդումները Հայ Առաքելական Եկեղեցու եւ իր ընդդիմադիրների դեմ։ Այս ամենը վերջին օրերին սպառնալիքներով, շանտաժով ու կեղտոտ բառապաշարով մեդիաարշավից վերափոխվել է շինծու ու կեղծ մեղադրանքներով ապօրինի կալանավորումների։ ՀՀ ուժային մարմիններն արդարադատական համակարգի հետ միասին վարչապետի ձեռքում դարձել են քաղաքական հալածանքներ իրականացնող գործիք՝ Հայաստանը դարձնելով բռնապետություն։

Այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը հանրային կերպով սատարեց եկեղեցուն, նրան կալանավորեցին։ Ապա բանտարկվեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և իր տասներկու աջակիցները՝ մեղադրվելով հեղաշրջման մեջ։ Այս ամենին նախորդել էին անհիմն խուզարկությունները, ակնհայտ բեմադրված գործողություններն ու շինծու մեղադրանքները։ Իր խոսքի համար հունիսի 28-ին կալանավորվեց նաեւ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա ձերբակալությունն ուղեկցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի նկատմամբ ամոթալի ոտնձգությամբ։

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված այս հետապնդումների նպատակներն ակնհայտ են.

ա․ լռեցնել ընդդիմախոսներին

բ․ համատարած վախի մթնոլորտ ստեղծել հասարակ ժողովրդի շրջանում

գ․ զավթել Հայ Առաքելական Եկեղեցին

դ․ վերջնականապես պառակտել հայ ժողովրդին

ե․ ծաղր ու ծանակի ենթարկել հայ ազգային ինքնությունն ու արժեքները։

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, դատական համակարգի գործողությունները եւ եւս մեկ անգամ դիմում բոլոր ազգային ուժերին եւ հայ ժողովրդի արտերկրյա բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին եւ իր ռեժիմին հաղթել ՀԱԵ-ի եւ հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծված այս սառը պատերազմում»,- ասվում է հայտարարությունում։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։