ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այն լուրին, որ Բագրատ և Միքայել սրբազանները պահվում են նույն խցում, գրել է, որ «ստալինիզմն է վերադարձել Հայաստան՝ ամբողջ սիմվոլիզմով»։
«Ստալինյան ռեպրեսիա ու նիկոլական «ժողովրդավարություն» զույգերը
Այսօր լուր տարածվեց, որ ԱԱԾ մեկուսարանում Բարգրատ և Միքայել սրբազանները նստած են նույն խցում։ Պատահականությո՞ւն, այլ խցերի բացակայությո՞ւն, թե այլ պատճառ։
Պատճառը մեկն է՝ նիկոլական քինախնդրություն, արյունարբություն, վրեժխնդրություն։
Նախ դատախազության հաղորդագրության համաձայն՝ երկու սրբազաններին վերագրվող իբր արարքները կապակցվածություն ունեն։
Իսկ ցանկացած ոք, որ բանտարկություն է տեսել, քաջ գիտի, որ նախաքննության ժամանակ երկուսով ոչ միայն նույն խցում չեն հայտնվում, այլ անգամ միջանցքում ու այլ պայմաններում իրար անգամ հայացքով հանդիպելն է բացառվում։ ԱԱԾ մեկուսարանի իմ երկուսուկես տարվա փորձով եմ դա ասում։
Ստալինիզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով։
-2025-ին՝ Նիկոլի թվին ԱԱԾ մեկուսարանում են նստած Բագրատ արք Գալուստանյանը և Միքայել արք Աջապահյանը։
-1937-ին՝ Ստալինի թվին ՆԿՎԴ նկուղներում էին ու հետո գնդակահարվեցին Արտակ արք Սմբատյանցը և Բագրատ արք Վարդազարյանը։ Ի դեպ, վերջինիս անունով էլ ընծայվել է մեր սիրելի պայքարող սրբազանը։
Կա միայն մեկ տարբերություն. 1937–ին դատում էր ՆԿՎԴ տրոյկան, հիմա մեկ մարդ՝ մասիս մելքոնյան...»,–ասվում է գրառման մեջ։
Միքայել սրբազանն ու Բագրատ սրբազանը պահվում են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում, հայտնել է Yerkir.am-ը՝ հավաստի աղբյուրի վրա հղումով։
Եկեղեցական բարձրաստիճան հոգևորականներն իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում։