Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը զգուշացրել է, որ հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարողները կտուգանվեն։
Նա հավելել է, որ օրենսդրական փաթեթը հուլիսի 1–ին քննարկվելու է Ազգային ժողովում։
«Ունենք քաղաքացիներ, ովքեր մտածում են՝ միգուցե եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակն ավարտվում է»,–ասել է նա, հայտնում է Radar.am-ը։
Նա շեշտել է, որ տեղեկատվական արշավն իրականացնելուց հետո ինչ-որ փուլից սկսելու են տուգանել չվճարողներին։
«Հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո չասեն՝ բա ինչու այսպես եղավ։ Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը Ազգային ժողովում, որով արդեն նախատեսվում է հստակ տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չվավերականացնելու համար»,– ասել է նա։
Քաղաքապետը նշել է, որ տպավորված է, քանի որ քաղաքացիների գերակշիռ մասն առանց որևէ նման կարգավորման՝ վճարում է տրանսպորտի համար։ Նա կարևորել է ավտոբուսներում երկրորդ վալիդատորներն ունենալու հարցը։
Ի պատասխան քաղաքապետի՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ մինչև հուլիսի վերջ կավարտեն բոլոր ավտոբուսներում երկրորդ վալիդատորների տեղադրումը։ Ըստ նրա՝ MAN ավտոբուսներում այդ սարքավորումները արդեն առկա են։