30 հունիսի 2025 - 13:31 AMT
Կարապետյան․ ՀՀ–ում խաթարվել են հասարակությանը միավորող հիմնարար արժեքները

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, ով կալանավորված է երկու ամսով, փաստաբանական խմբի միջոցով հրապարակել է իր հայտարարության ութերորդ հատվածը, որում նա քննադատել է ներկա իշխանությունների քաղաքականությունը՝ ընդգծելով, որ «Հայաստանում խաթարվել են հասարակությանը միավորող հիմնարար արժեքները»։

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին

Հայաստանի Հանրապետությունում ուժգին հարված հասցվեց միավորող արժեքներին. հերոսաբար կռվողները վերածվեցին դասալիքների, Հերոս զինվորները՝ մեկուսացած հաշմանդամություն ունեցողների, Հերոսածին մայրերը՝ բողոքավոր որդեկորույսների, տարիներով պայքարող Արցախցիները՝ անտուն փախստականների, երիտասարդներն ու ուսանողները՝ չկողմնորոշված մոլորյալների, որոնց ապագայի տեսլականը Հայրենիքը լքելն է:

Բիզնեսը, մասնավոր ոլորտը վերածում են «քերելու» առարկայի, իսկ գործարարին՝ թշնամու: Դրանով այս իշխանությանը հաջողվեց գրեթե ամբողջությամբ ոչնչացնել երկրի ներքին ներդրումային մթնոլորտը: Այս ամենը բերեց վերջին յոթ տարիների ընթացքում առավելապես զրո հավելյալ արժեք արտադրող ընկերությունների ստեղծման, իսկ օտարերկրյա ներդրողների համար դարձանք ոչ հետաքրքիր և անհեռանկարային երկիր:

Ներկա իշխանություններն իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձեցին մեկուսացնել, հիմնավոր ճիշտ խոսքը կամ քննադատությունը փորձեցին զրոյացնել՝ փոխարենն աղբ լցնելով հանրային խոսքի հարթակներում: Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ առաջին անգամ Հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ և դստեր արժանապատվությունը։

Միանշանակ է, որ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկրիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում, և հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրվելու է։ Պայքարելու ենք»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։