Մշտական ուշադրության կենտրոնում պահելով անձնակազմի բարօրությունը և արձագանքելով ժամանակակից աշխարհի օրըստօրե աճող մարտահրավերներին, Երևանի կոնյակի գործարանը «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, նախաձեռնել է թիմի վերապատրաստման մեկամսյակ, որի ընթացքում ընկերության տարբեր ոլորտներում ներգրավված աշխատակիցների համար կազմակերպվում են սթրեսակայունության և սթրեսի կառավարման հատուկ դասընթացներ։
Դասընթացի հիմնական նպատակներից է բարձրացնել աշխատակիցների հոգեբանական դիմացկունությունը, սթրեսակայունությունը, ինչն իր հերթին բերում է արդյունավետ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը։
Դասընթացներն անցկացվում են «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի փորձառու հոգեբանների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, ներառյալ գործնական վարժություններ, ինտերակտիվ քննարկումներ և թիմային աշխատանք։ Մասնակիցները հնարավորություն են ստանում ոչ միայն ճանաչելու սթրեսի աղբյուրները, այլև ձեռք բերելու հմտություններ՝ արդյունավետորեն կառավարելու այն ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական և անձնական առօրյայում։
«Ժամանակակից աշխարհն իր հետ բերում է նոր հմտություններին տիրապետելու իմպերատիվը, որը մենք չենք կարող ժխտել։ Այսպես, ի տարբերություն մեր ծնողների մենք այսօր պարզապես պարտավոր ենք լինել մեդիագրագետ, տիրապետել կիբերանվտանգության տարրական գիտելիքների և այլն։ Ցավոք, սթրեսին դիմակայելու հմտություններին տիրապետելը ևս դարձել է ժամանակակից կյանքի անքակտելի մասը։ Շատ ուրախ ենք, որ Երևանի կոնյակի գործարանի անձնակազմին արժեքավոր գիտելիքներ և հմտություններ փոխանցելու պատասխանատու գործընթացը ստանձնել են «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի մասնագետները»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Հիմնադրամի մասնագետների կողմից կազմված ծրագիրը հավասարակշռված է թե՛ տեսական, և թե՛ գործնական բաղադրիչներով՝ ապահովելով գիտելիքների կիրառելիություն իրական կյանքում։
«Ցավոք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրենց կյանքի ընթացքում մարդկանց մոտ 80%-ը բախվում է առնվազն մեկ տրավմատիկ իրադարձության, որը կարող է լուրջ վնաս հասցնել հոգեկան և ֆիզիկական առողջությանը։ Կկարողանա արդյո՞ք մարդը լիովին վերականգնվել այս իրադարձությունից և նորմալ գործել, սա ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպիսի աջակցություն կստանա մասնագետներից և հասարակությունից», - նշել է «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի հայկական մասնաճյուղի ղեկավար Արթուր Եղիազարյանը։
Միասին միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շրջանակին կարելի է ծանոթանալ կայքում։