30 հունիսի 2025 - 14:41 AMT
Միրզոյան. Երևանն ու Բրյուսելը խորհրդակցություններ են սկսել անվտանգության ոլորտում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող Եվրամիության արտաքին հարաբերությունների նորանշանակ ղեկավար Կայա Կալասի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանը և ԵՄ-ն խորհրդակցություններ են սկսել պաշտպանության և անվտանգության ոլորտում։

«Սա վճռորոշ քայլ է երկկողմ համագործակցության շրջանակը ժամանակակից մարտահրավերներին հարմարեցնելու և դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր գործածելու առումով»,–ասել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» շրջանակում։

Միրզոյանը հայտարարել է նաև, որ Հայաստանը և ԵՄ–ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները, հայտնում է 1lurer.am-ը։

«Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացելու ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության պայմանագրի արդյունավետ կիրարկումը»,–ասել է նա։

Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները՝ ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հիբրիդային սպառնալիքներին և ապատեղեկատվությանը հակազդելու միջոցառումները։

«ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամի կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակն է, որը միևնույն ժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու՝ Հայաստանի ձգտումը և ցանկությունը»,–հայտարարել է Միրզոյանը։

Ավարտելով իր խոսքը՝ Միրզոյանը նշել է. «Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի կողքին լինելու և աջակցություն ցուցաբերելու համար։

2024 թվականի հուլիսին ԵՄ-ն արդեն հատկացրել է 10 միլիոն եվրո այդ հիմնադրամից՝ ուղղված ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների կատարելագործմանը։ Այս տարվա ընթացքում նախատեսվել է տրամադրել ևս 20 միլիոն եվրո, սակայն Հունգարիան արգելափակել է այդ փոխանցումը՝ առաջ քաշելով պահանջ, որ նման ֆինանսավորում տրամադրվի նաև Ադրբեջանին։ Այս հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։