ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԱԳՆ-ում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը։
«Ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հանձնաժողովն ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը, և երբ պայմանները կատարվեն, գործընթացն ավարտին հասցվի, այն ավելի մոտ կդարձնի միմյանց Եվրամիությունը և Հայաստանը»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։
Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում առանցքային տեղ են զբաղեցնում ժողովուրդ-ժողովուրդ շփումները՝ ահա թե ինչու են զարգացնում մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:
Ավելի վաղ ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ
Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։