30 հունիսի 2025 - 15:06 AMT
ԱԳՆ խոսնակ․ Թեհրանը դեմ է ԻՀԿ հռչակագրում ՀՀ դեմ ուղղված ձևակերպումներին

Իրանը հավանություն չի տալիս Իսլամական համագործակցության կազմակերպության՝ ԻՀԿ նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի դեմ առկա կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը․ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են լինել տարածքները փոխելու ցանկություն, բացարձակապես տեղին չէ։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի դեմ առկա ձևակերպումները։

Նա ընդգծել է, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք միշտ ասել և աջակցել ենք խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ: Միևնույն ժամանակ, մենք հավանություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը (խմբ․ նկատի է առնվում «արևմտյան Ադրբեջանի համայնք» արտահայտությունը), և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են տարածքներ փոխելու ցանկություն ունենալ, բացարձակապես տեղին չէ»,-ընդգծել է Էսմայիլ Բաղային:

Ավելի վաղ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ Թեհրանը խստորեն մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Նա ընդգծել էր, որ հորինված ու կեղծ արտահայտությունների կիրառումը հակասում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գաղափարին, հարևանության տրամաբանությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին։

Հունիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այդ փաստաթղթին՝ արտահայտելով իր դժգոհությունն այն արտահայտություններից, որոնք խեղաթյուրում են իրականությունը։