Եվրոպական միության համար կարևոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ գործընթացն ամփոփվի հնարավորինս արագ, և կողմերի միջև ձեռք բերված համաձայնագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Միանշանակ է, որ մենք ոգևորված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Եվ, իհարկե, մենք կցանկանայինք այդ գործընթացի եզրափակումը տեսնել որքան հնարավոր է շուտ։ Ես կարծում եմ, որ աշխարհում տիրող իրավիճակով պայմանավորված՝ մենք ավելի շատ կայունության կարիք ունենք»,- շեշտել է Կալասը, գրում է Արմենպրեսը։
Խոսելով այն մասին, թե արդյոք նույն շեշտադրումը արվել է իր՝ Բաքու կատարած այցի ընթացքում, Կալասը դրական պատասխան է տվել։
«Իհարկե, ես այդ հարցը բարձրացրել եմ նաև իմ՝ Բաքու կատարած այցի ժամանակ։ Սա նաև բխում է մեր շահերից, երբ խոսում ենք փոխկապակցվածության մասին, քննարկում ենք տարբեր հնարավորություններ, որոնք կարող են լինել երկու երկրների համար՝ ներառյալ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համատեքստում, այո՛, կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի հնարավորինս արագ»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվող խաղաղությունը պետք է ամրագրվի ինստիտուցիոնալ մակարդակում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Նրա դիտարկմամբ, եթե Ադրբեջանն իսկապես անկեղծ է իր մտահոգություններում, ապա դրանց փարատման ամենաուղիղ ճանապարհն այդ պայմանագրի ստորագրումն է, հայտնում է Radar Armenia-ն։
Արտգործնախարարն ընդգծել է, որ շփումները ծառայում են հենց փոխընկալմանը, պարզաբանմանը և վստահության բարձրացմանը։
«Հույս ունեմ՝ այդ շփումները, բանակցությունները կհանգեցնեն և՛ պայմանագրի ստորագրմանը, և՛ մյուս հարցերի լուծմանը»,–ասել է նա։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։