«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ՀԷՑ-ը «պետականացնելու» նախագիծն անգրագետ օրենքի նախագիծ է, որը պատրաստ եմ հիմնավորել ցանկացած ձևաչափով>:
Նա պնդել է, որ բացարձակ նորմալ չէ այսպիսի մեծ ներդրումը «խլելը» բոլոր տեսակի հնարավոր միջոցներով՝ հաշվի առնելով սեփականատիրոջ անձը, հայտնում է Aysor.am-ը։
«Մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, մարտ առանց կանոնների ձևաչափով։ Հաշվի առնելով, որ սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք իրավական ճանապարհով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ պետական հնարավորությունները սահմանափակ են, որը մենք հասկանում ենք, բայց դա կանենք միջազգային կազմակերպությունների, մեր գործընկերների հետ»,-ասել է Ղազինյանը։
Ղազինյանը նաև հայտնել է, որ որևէ կերպ իշխանությունների կողմից իրենց հետ կապ չի հաստատվել։
«Որևիցե ձևով՝ թեկուզ առանց փաստաթղթի, ինչ-որ զանգով ․․․ եկեք քննարկենք, հասկանանք։ Մենք էլ ունենք խնդիրներ, թերություններ, անսխալական մարդ չկա, բայց չի եղել այդպիսի բան։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ մեր իշխանությունները չեն ցանկանում դա քննարկել։ Իմ անձնական կարծիքով՝ վախենում են, որ քննարկումների արդյունքում սխալ դուրս կգան։ Այստեղ խելագարության կանխավարկածի հնարավորություն կա»,-ասել է նա՝ արձագանքելով այն հարցին, թե արդյոք փորձ է արվել հանդիպում ունենալ իշխանության ներկայացուցիչների հետ։
Նա ընդգծեց՝ նորմալ չի, որ նման գործընթաց է նախաձեռնվում, և ընկերությունը փորձում են պետականացնել, խլել։
Դավիթ Ղազինյանը խոստացավ, որ օրինական ճանապարհով հակադարձումը շատ ուժեղ է լինելու։
Հարցին՝ հնարավո՞ր տարբերակ է, որ Սամվել Կարապետյանի ազատության գինը լինի ՀԷՑ-ի ճակատագիրը՝ Ղազինյանը պատասխանել է, որ իր անձնական կարծիքով՝ լավ իմանալով Սամվել Կարապետյանին, հնարավոր չի նման պայմանավորվածությունների գնալը։
«Իրենց ցանկությունը կարող է լինել, որ պայմանավորվեն, բայց այսպիս պայմանավորվածություններ հնարավոր չեն՝ հաստատապես ճանաչելով Կարապետյանին։ Ո՛չ, ինչո՞ւ պետք է հայտնվեր այս վիճակում, որ գնար գործարքի»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է ՀԷՑ աշխատակիցներին հավաքագրելու և խոստումներ տալու իշխանության քայլերին՝ տնօրենն ասաց՝ կոնկրետ փաստեր չունեն, որ աշխատակիցների վրա ազդեցություն ունեն, բայց վստահաբար նշեց, որ աշխատավարձ բարձրացնելուխոստումը միֆ է:
«6800 աշխատող ունենք, չեմ կարծում, որ լուրջ քանակ իրենց խոստումներին կհավատա, աշխատավարձը 30 տոկոս բարձրացնելը միֆ է, կամ էլ 3 մլն մարդ կսկսի ավելի վճարել, որ 6800 մարդ ավելի փող ստանա, այսինքն՝ սակագնի վրա կազդի»,-նշել է նա։
ՀԷՑ տնօրենի ժ/պ-ն ասել է նաև, որ մինչև սեփականատիրոջ հետ կապված գործողությունները՝ իշխանությունները գոհ են եղել ՀԷՑ-ի բարեփոխումների դինամիկայից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: