Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները մուտք են գործել «Տաշիր» առևտրի կենտրոնի տարածք՝ փորձելով ապամոնտաժել գործարար, բարերար, երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի մեծ պաստառը «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրառմամբ։
«Հերթական, ապամոնտաժում կոչված երևույթի հետ ենք առնչվում։ Հիմա էլ առևտրի կենտրոնի վրա փակցված պաստառներն են ուզում ապամոնտաժել»,- լրագրողներին ասել է կենտրոնի ներկայացուցիչ, իրավաբան Վարդան Ալոյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա նշեց, որ ոստիկանությունը փորձում է հասարակական կարգը պահպանել, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ փորձում են մտնել սեփականության իրավունքով պատկանող տարածք և ապամոնտաժել լուսանկարը։
«Սա գովազդ չէ, իրազեկման ակցիա է»,- ասել է նա
Քաղաքապետարանը գործողության հիմքում դրել է Երևանի ավագանու կողմից 2009 թվականի նոյեմբերի 18-ին ընդունված թիվ 37-Ն որոշումը։
Ալոյանը նշել է, որ վերոհիշյալ իրավական ակտը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ գովազդային բովանդակությունն ու դրա կրողը երկուսն էլ համարվում են ապօրինի։ Նա հավելել է, որ իրենք պատրաստվում են այդ որոշման կիրառման իրավաչափությունն վիճարկել դատարանում։
«Լուսանկարը փակցված է սեփականության իրավունքով պատկանող տարածքում։ Հիմա ապօրինի գործողություն է կատարվում, ներխուժում է կատարվել տարածք, այդ թվում տեխնիկայով։ Ոստիկանությանը խնդրել ենք վերացնել ներխուժումը, ոստիկանության ներկայացուցիչներն ասացին, որ տարածքն սահմանազատված չէ, այնինչ մի քանի րոպե առաջ մեզնից խնդրում էին արգելափակոցները բացել, որ տրանսպորտային միջոջը մուտք գործի և գործողություն իրականացնի։ Մի կողմից նշում են՝ սահմանազատում չկա, չեն կարող հասկանալ՝ ներխուժում կա, թե չկա, երկրորդ՝ խնդրում են բացել, որ ստիպված չլինեն միջոցներ կիրառել, քանդել արգելափակոցը։ Երկակի ստանդարտի հետ գործ ունենք»,- ասել է Ալոյանը։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։
Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։