Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Իր ելույթում նա ընդգծել կառույցի առանցքային դերը։
«Ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն ասել բոլորիդ աշխատանքի առիթով, և ուզում եմ ընդգծել, որ, իսկապես, ԱԱԾ-ն ,այլ ծառայությունների հետ համատեղ, մեր պետության ողնաշարն է, մեր պետության լինելության և անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկն է»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։
Վարչապետը խոսել է ԱԱԾ ղեկավարության և ամբողջ անձնակազմի ներդրած աշխատանքի մասին՝ կարևորելով բոլոր աշխատակիցների ներդրումը ընդհանուր գործում։
«Իհարկե, որևէ կերպ չեմ ուզում նսեմացնել ԱԱԾ ղեկավարության, տնօրենի, տնօրենի տեղակալների դերը, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ ԱԱԾ բոլոր աշխատողների և բոլոր ներկաների առանձնահատուկ դերակատարումն այդ ամենում անհրաժեշտ է ընդգծել»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ ԱԱԾ-ն իր գործունեությունն առաջնահերթ պետք է ուղղի երեք առանցքային ոլորտների՝ հակահետախուզության, ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրական կարգի պահպանման ուղղությամբ։
Փաշինյանի դիտարկմամբ՝ աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաև Կառավարության որդեգրած ռազմավարությունը: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է հիմնական երեք գործառույթների կարևորությունը, որոնց վրա ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն:
«Կարծում եմ՝ Կառավարությունն էլ բավարար պայմաններ է ստեղծում, որպեսզի ծառայությունը կարողանա կենտրոնանալ այս գործառույթների վրա։ 2018 թվականից ի վեր, այսօրվա դրությամբ ԱԱԾ ֆինանսավորումը եռապատկվել է»,- նշել է երկրի ղեկավարը: