ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիները չեն հայտնվի «սև ցուցակում»։ Նշվում է, որ խնդիրը կարգավորելու նպատակով ՆԳՆ-ն հանդիպումներ է կազմակերպել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, քննչական կոմիտեի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։
«Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)[ «սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։
Հարկ է նաև նշել, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում․ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։
Դրական միտումը պայմանավորված է իրավապահ մարմինների և ֆինանսական հաստատությունների կողմից համատեղ իրականացված արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներով, որոնց առանցքը իրազեկիչ միջոցառումներն են։
Ներքին գործերի նախարարությունը համագործակցում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ նման հափշտակությունները կանխելու, քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ–ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, չանցնել անծանոթ հղումներով, չվստահել կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։
«Բանկերի անունից կասկածելի զանգերի, նամակների կամ գովազդների դեպքում անմիջապես կապ հաստատեք տվյալ բանկի հետ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տուժած քաղաքացիները կազմակերպել են բողոքի ակցիաներ՝ հայտարարելով, որ դարձել են կիբեռհանցագործությունների և խարդախության զոհ։ Նրանք պնդում էին, որ իրենց կրած վնասների պատճառը բանկերի անվտանգության թերություններն են։